Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի):
ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպան Հովլանդին նշանակման առթիվ՝ հաջողություն մաղթելով պաշտոնավարման ընթացքում:
«Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը: Մենք երախտագիտությամբ հիշում ենք նորվեգացիներ Ֆրիտյոֆ Նանսենին, Բոդիլ Բյորնին, ովքեր օգնություն են տրամադրել հայերին Հայոց ցեղասպանության ժամանակ: Այսօր եւս շնորհակալ ենք Նորվեգիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներին ուղղված աջակցության համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է նաեւ Նորվեգիայի կառավարության ներդրումը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման հարցում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Նորվեգիան բարձր է գնահատում վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Զրուցակիցները շեշտել են երկկողմ միջխորհրդարանական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը: