Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի որակի հետ կապված խնդիրներ կան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունը, տեղեկացնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է նաև․
«Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այս տարի լրանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահների պաշտոնավարման ժամկետները: Նրանք այդ պաշտոններում ընտրվել են 2019 թվականի ապրիլին: Գիտեք, որ հանձնաժողովների նախագահներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու իրավասությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ խորհրդակցության նպատակը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործունեության վերաբերյալ հաշվետվության ծանոթանալն է, որի հիման վրա ծավալված քննարկումների արդյունքներով որոշում կկայացվի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է հանձնաժողովի կարգավորման ոլորտներում՝ էներգետիկայի (էլեկտրաէներգետիկական, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերը), ջրային, հեռահաղորդակցության, փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի, տրանսպորտային միջոցների, պարտադիր տեխնիկական զննության անցկացման ոլորտներում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, կարգավորվող ոլորտներում արդյունքային ցուցանիշները:
Անդրադառնալով հետագա անելիքներին՝ ներկայացվել է, որ նախատեսվում են օրենսդրական բարեփոխումներ. շուկայի մոնիտորինգի շարունակականության ապահովում, սակագնային մեխանիզմների լավարկում, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման շարունակականության ապահովում, ջրային համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում: Հաշվետվության հիման վրա ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ հանձնաժողովի հայեցակարգային մոտեցումների, ծրագրային ուղղությունների վերաբերյալ:
Գարեգին Բաղրամյանն անդրադառնալով սակագների քաղաքականությանը՝ նշել է, որ ըստ օրենքի հանձնաժողովը պետք է որոշի սակագները, եթե լիազոր մարմինը դիմի այդ հայցով:
Այս առումով, վարչապետը նշել է. «Սակագինն այն է, ինչ սպառողին պիտի երաշխավորի որակ, արտադրողին՝ շահույթ: Այսինքն՝ եթե այս բալանսը խախտվում է, ուրեմն այդ սակագնային բանաձևի մեջ ինչ-որ մի բան այնպես չէ: Իհարկե, պարզ է, որ այդ ամեն ինչը մի գործողությամբ չի արվում, բայց կարծում եմ՝ այս համակարգերը բավականին երկար գործում են, և մենք պիտի կոնկրետանանք այս խնդրի լուծման մեջ և խնդիրն այս կոնկրետության մեջ ձևակերպենք»:
Անդրադառնալով վերականգնվող Էլեկտրաէներգիայի թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն Հայաստանում բավականին լավ զարգանում է և հավելել. «Մեզ պետք են համագործակցության ռազմավարական պայմանագրեր: Խնդիրը հետևյալն է՝ մենք արտադրում ենք էլեկտրաէներգիա, ի՞նչ անենք այդ էլեկտրաէներգիան՝ կուտակե՞նք: Այդ կուտակումն, ինչպես ասվեց, այսօրվա տեխնոլոգիաներով շատ թանկ է: Այս տրամաբանությամբ ավելի արդյունավետ կլինի արտադրել էլեկտրաէներգիա, արտահանել այդ էլեկտրաէներգիան, կուտակել դրանից ստացվող միջոցը և այդ միջոցը, ըստ անհրաժեշտության, հետագայում օգտագործել սեփական կարիքները հոգալու համար»:
Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է էլեկտրաէներգիայի որակին և նշել. «Այստեղ ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այդ պրոբլեմները չեն լուծվում և ի՞նչ ենք պլանավորում անել, որ այդ խնդիրները լուծվեն: Առաջին խնդիրն էլեկտրաէներգիայի մատակարարման որակն է, որ անխափան լինի և երկրորդը՝ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը»:
Ի պատասխան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշել է, որ խնդիրը նաև որոշ տեղերում որակի հետ կապված վատթարացումների է բերել և ընդգծել. «Սպասարկման որակի խախտման համար էր, որ ես ասացի, մատակարարը 580 մլն գումար է վճարել սպառողներին: Այսինքն, եթե 4 ժամում չի վերականգնում, օրինակ, մի խումբ սպառողների էլեկտրամատակարարում, ավտոմատ հաշվանցում է գումար հաջորդ ամսվա՝ որպես կանխավճար: Ամեն տարի մոտ 120 մլն դրամի տույժ է վճարում»:
Այս առումով վարչապետն ընդգծել է. «Այսինքն՝ այնուամենայնիվ, մեխանիզմը գործարկել ենք, որով պետք է բոլոր ստանդարտներով այդ որակի առաջընթացը տեսանելի երևա»:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև գազամատակարարման, ջրամատակարարման, հեռահաղորդակցության ոլորտներում կարգավորումներին, առկա խնդիրներին, դրանց լուծման հետագա քայլերին»: