Մեկնարկում են Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները
Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանական տարին հագեցած կլինի տարաբնույթ միջոցառումներով, որոնց մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարի 24-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 24-ին կմեկնի բանաստեղծի ծննդավայր` Արարատի մարզի Զանգակատուն համայնք և ծաղիկներ կխոնարհի նրա շիրիմին, ինչպես նաև կայցելի Պարույր Սևակի տուն-թանգարան:
Նույն օրը՝ ժամը 13:00-ին, Պարույր Սևակի տուն-թանգարանում (Արարատի մարզ, գ. Զագակատուն) ելույթ կունենան Գոռ Սուջյանը, «Կադանս» անսամբլը, Համազգային թատրոնի երիտասարդական խումբը: Ժամը 19:30-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում /Sos Theatre Armenia/ տեղի կունենա Պ. Սևակի համանուն ժողովածուի «Մարդը ափի մեջ» ներկայացումը (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան):
Մինչ այդ` Սևակի ծննդյան 100-ամյակին ընդառաջ, հունվարի 15-21-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը սովորողների շրջանում անցկացրել են մրցույթ՝ «Եղիցի լույս. Սևակ-100» խորագրով: Մրցույթն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում. մասնակցել են ավելի քան 4000 սովորողներ: