Բորելի սպառնալից հռետորաբանությունը ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները. Ադրբեջանի ԱԳՆ
Ժոզեպ Բորելի սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջությամբ խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի տեսակետերն Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի շուրջ, այլ նաև հրահրում է ռազմականացված և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով և կոչ է արել վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Բորելն ընդգծել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։