Իսրայելը պատանդների ազատ արձակման դիմաց ՀԱՄԱՍ-ին 2-ամսյա հրադադար է առաջարկել
Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ առաջարկել է գործարք, որի շրջանակներում ռազմական գործողությունները երկու ամսով կդադարեցվեն՝ Գազայում պահվող բոլոր պատանդների դիմաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյաների։
Առաջարկը չի ներառում պատերազմին վերջ դնելու համաձայնագիր, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա Իսրայելի կողմից առաջարկվող ամենաերկար հրադադարն է։
Գազայի հատվածում դեռ ավելի քան 130 պատանդ է պահվում։ Ըստ Իսրայելի պաշտոնյաների՝ երկու տասնյակից ավելի պատանդ զոհվել է ռազմական գործողությունների ընթացքում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել էր իսրայելցի գերիներին վերադարձնելու՝ ՀԱՄԱՍ-ի առաջարկած պայմանները, որոնց համաձայն Իսրայելը պետք է լիովին դուրս գար Գազայի հատվածից և անկլավի վերահսկողությունը թողներ ՀԱՄԱՍ-ին։
Ըստ Իսրայելի առաջարկի՝ մի քանի փուլով պետք է վերադարձվեն բոլոր ողջ մնացած պատանդները, ինչպես նաև զոհված պատանդների մարմինները։ Իսրայելցի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ առաջին փուլում պետք է վերադարձվեն կանայք, 60 տարեկանից բարձր տղամարդիկ և բժշկական խնդիրներ ունեցող պատանդները։ Հաջորդ փուլերում պետք է ազատ արձակվեն կին զինվորները, 60 տարեկանից ցածր տղամարդիկ, որոնք զինվորներ չեն, տղամարդ զինվորները և պատանդների մարմինները։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ տարբեր փուլերով բոլոր պատանդների արձակման գործընթացն ավարտին հասցնելու համար կպահանջվի մինչև երկու ամիս։ Բացի այդ, կողմերը նախապես կպայմանավորվեն Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման վերաբերյալ։
Առաջարկը նախատեսում է նաև Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի վերատեղակայում և դուրսբերում անկլավի խիտ բնակեցված կենտրոններից, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան աստիճանաբար վերադառնալ Գազա քաղաք և Գազայի հատվածի հյուսիս։
Իսրայելցի պաշտոնյաները հայտնել են, որ սպասում են ՀԱՄԱՍ-ի պատասխանին՝ հավելելով, որ այս առաջարկում հստակեցվում է, որ Իսրայելը չի համաձայնի ավարտել պատերազմը և ազատ արձակել Իսրայելում բանտարկված բոլոր 6000 պաղեստինցիներին։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ ԱՄՆ-ի, Կատարի-ի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության ընթացքում նոյեմբերի վերջին ավելի քան 100 պատանդ վերադարձվել էր, որի դիմաց Իսրայելն ազատ էր արձակել իր մոտ բանտարկված 240 պաղեստինցիների։
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 25 000-ը։