Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար. Բորել
Բրյուսելում ավարտվել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։
«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ` նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոսեպ Բորելն ասուլիսին նշել է` ԵՄ անդամ պետությունները համաձայն են այն մտքի հետ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ առարկայական խաղաղության և հարաբերությունների կարգավորման բանակցություններին։
«Նախագահ Ալիևի վերջին տարածքային պահանջները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար», - նշել է Ժոզեպ Բորելը։