Բաքվում ոստիկանությունը կասեցրել է «Ո՛չ կեղծ ընտրություններին» կարգախոսով բողոքի ակցիան
Բաքվում ոստիկանությունը կանգնեցրել է «Ո՛չ կեղծ ընտրություններին» կարգախոսով բողոքի ակցիան, գրում են տեղական լրատվամիջոցները։
Ակցիայի կոչ էր արել Եվրոպայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Թուրալ Սադիգլին՝ ի նշան արտահերթ նախագահական ընտրությունների դեմ բողոքի։
Օրերս նա ֆեյսբուքյան իր էջում պաստառ էր տեղադրել՝ ակցիային մասնակցելու կոչով. «Բողոքի ցույց՝ Ձեր իրավունքները պահանջելու համար։ Հունվարի 22-ին ժամը 13։00-ին եկեք հրապարակ՝ Նարիմանով մետրոյի կայարան, McDonalds-ի կողմից»։
Այսօր բողոքի ակցիայի վայրում ոստիկանությունը բերման է ենթարկել Սադիգլիի ծնողներին, իսկ մեկ ժամ անց նրանք ազատ են արձակվել։
Ակցիայի վայրից ոստիկանությունը հեռացրել է ևս մի քանի մարդու, այդ թվում՝ Ադրբեջանի «Ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության տարեց անդամ Էնվեր Աղամալիևին և կալանավորված ակտիվիստ Ռզա Սաֆարսոյի կնոջը՝ Տարանա Սաֆարսոյին։
ՆԳՆ-ն պաշտոնական մեկնաբանություններ չի տվել ակցիայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Իլհամ Ալիևը 2023-ի դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ադրբեջանում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։
Ալիևից զատ՝ Ադրբեջանի նախագահի աթոռի համար պայքարելու է ևս 6 թեկնածու։