ՄԱԿ-ը կոչ է արել ուկրաինական հակամարտության բոլոր կողմերին խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից
ՄԱԿ-ը կոչ է անում ուկրաինական հակամարտության բոլոր կողմերին խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցչի տեղակալ Ադեդեջի Էբոն՝ ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդում, որ հրավիրվել է Ռուսաստանի կողմից։
«Քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումները շարունակում են լուրջ մտահոգություն լինել: Զինված հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակիչներին և գործել համապատասխան միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն: Սա անվերապահ պարտավորություն է»,-ասել է Էբոն՝ հիշեցնելով, որ հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա արգելված են միջազգային իրավունքով, և դրանք պետք է անհապաղ դադարեցվեն:
Նա նաև նշել է, որ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառումը հանգեցնում է քաղաքացիական զոհերի։ Էբոյի խոսքով՝ դրանց օգտագործումը նույնպես պետք է համապատասխանի միջազգային մարդասիրական իրավունքին։
«ՄԱԿ-ը կշարունակի աշխատել Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար՝ միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի», - եզրափակել է նա: