«Քանաքեռցի Տույի» սպանության գործով «Տյուշի» որդուն կալանավորելու հարցը կրկին օրակարգում է
«Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի և «Տյուշի»՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանությունների գործով Արտուշ Սիմոնյանի որդուն՝ Հովհաննես Սիմոնյանին, կրկին կալանավորելու հարց է բարձրացվել։ Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։
Քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույը», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը և ևս երկու անձ սպանվել են 2021թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ին։ Քրեական գործն ավելի քան մեկ տարի է, ինչ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում։ Գործով, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կալանավորված են եղել սպանված Արտուշ Սիմոնյանի որդիները։
Դատաքննության ընթացքում դատարանի որոշմամբ Արտուշ Սիմոնյանի որդիներից մեկի՝ Հովհաննես Սիմոնյանի, խափանման միջոց կալանքը փոխարիվել էր տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելքով, սակայն վերաքննիչ դատարանի որոշմամբ Սիմոնյանը կրկին կալանավորվել էր։ Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը 2023թ․ դեկտեմբերին կրկին փոխել էր Սիմոնյանի խափանման միջոցը և ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս դեպքում դատարանի որոշման դեմ մեղադրող կողմը բողոք է ներկայացրել, որը դեկտեմբերի 29-ին մակագրվել է դատավոր Կարեն Հովհաննիսյանին։ Մեղադրող կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Սիմոնյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել երեք ամսով։ Այս պահին դեռևս առկա չէ տեղեկություն՝ բողոքը վարույթ ընդունելու և կայացված որոշման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։
Նշենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, ինչին հաջորդել են արդեն Տյուշի կողմի կրակոցները։
Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը որպես մեղադրյալ է ներգրավել նաև մահացած Արտուշ Սիմոնյանին և չի բացառվում, որ Սիմոնյանի հարազատները դեմ են եղել նրա նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, ուստի, իր մասով ևս գործն ուղարկվել է դատարան։
Ըստ մեղադրանքի՝ նա, որդիների՝ Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանների, մտերիմներ Արսեն Ալեքսանյանի և Տիգրան Հարությունյանի հետ, նախնական համաձայնության գալով խմբի կազմում, Արթուր Հայկի Ղազարյանին, Արայիկ Բորիսի Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գևորգ Արթուրի Ջաբուրյանին և Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում, վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ատրճանակներով կրակել և ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին և Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին և Գևորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ և վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ՝ Գ.Ղազարյանի և Գ.Ջաբուրյանի փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:
Մեղադրյալի կարգավիճակում են նաև Արտուշ Սիմոնյանի երեք որդիները։ Վլադիմիր Սիմոնյանը, Հովհաննես Սիմոնյանը մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից սպանության և ապօրինի զենք պահելու հատկանիշներով, իսկ Հակոբ Սիմոնյանին մեղսագրվում է սպանության փորձը։ Սպանության հատկանիշներով մեղադրվում է նաև Սիմոնյանների մտերիմ Արսեն Ալեքսանյանը։