Քննարկում ԵՄ-ում՝ հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով․ Բորելը ելույթ կունենա
ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։
«Ինտերֆաքսն» իր հերթին, հղում անելով նիստի նախապատրաստական նյութերին, նշում է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ելույթ կունենա հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով։
Դրանից բացի, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինային տրամադրվելիք ռազմական և տնտեսական երկարաժամկետ օգնությանը, պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը և հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը օրերս Երևանում էր: Նա բանակցություններ է վարել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, քննարկել են տարածաշրջանային գործընթացները, ինչպես նաև կարգավորման գործընթացը Երևանի և Բաքվի միջև: