Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ, քանի իրեն ու իր հորը հաղթած գործիչներն ազատության մեջ են
Ադրբեջանում գտնվող գերիների/ռազմագերիների թեման, այդ թվում` Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, անընդհատ տարբեր քննարկումների տիրույթում է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծել է՝ գլխավոր մտորումներից մեկն այն է, թե ի՞նչ ճակատագիր է նրանց սպասվում և նրանց` Բաքվի բանտերում գտնվելն ի՞նչ է տալիս Ադրբեջանի իշխանություններին:
«Սրան զուգահեռ, իր վերջին ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահը նաև խոսեց այն անձանց մասին, որոնց գերեվարումն ամբողջական կդարձներ իր նպատակը` ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ, քանի իրեն ու իր հորը հաղթած գործիչները ազատության մեջ են և նա գիտակցում է, որ Արցախի նկատմամբ վերահսկողությունը, տարբեր գործոններով պայմանավորված, իրեն ավելի շատ նվեր է մատուցված, ինչը վերջինիս մոտ որոշակի թերարժեքության բարդույթ է առաջացրել:
Իհարկե, այն ինչ ուզում է անել Ալիևը` հաղթանակաների, հաղթական ոգու անկում և հաղթողի հոգեբանություն ունեցող անձանց նկատմամբ սարսափելի ճնշումներ, անում է հայաստանյան իշխանությունը:
Ցավոք, Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանության ղեկին գտնվող քաղաքական խմբակի հետաքրքրություններն ու շահերն ավելի ներդաշնակ է Ադրբեջանի իշխանության, քան հայ ազգի հետ և արձանագրվող ու շարունակվող կորուստների հիմնական պատճառը հենց դա է», - գրել է քաղաքական գործիչը: