Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախատեսվում է, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը ՄԱԿ կտևի հունվարի 22-ից 24-ը։ Նա կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եռամսյակային բաց բանավեճերին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ պաղեստինյան հարցի շուրջ, ինչպես նաև Ռուսաստանի նախաձեռնությամբ ուկրաինական հարցով ԱԽ նիստին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ որևէ շփում Լավրովը չի նախատեսում։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարը վերջին անգամ Նյու Յորք էր այցելել անցած տարվա սեպտեմբերին՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան։