Հենրիխ Մխիթարյանը դարձավ 35 տարեկան
Այսօր՝ հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը դարձավ 35 տարեկան: Նրա ծննդյան օրը շնորհավորել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Մխիթարյանի առաջին ակումբը՝ «Փյունիկը» և ներկայիս թիմը՝ «Ինտերը»:
Երևանյան ակումբը գրել է.
«Հենո՜, դու մեզնից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը: Մաղթում ենք երկար ֆուտբոլային տարիներ թոփ մակարդակում»:
Կարիերայի ընթացքում Մխիթարյանը խաղացել է «Փյունիկում, Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում», «Ռոմայում», իսկ 2022-ից հանդես է գալիս Միլանի «Ինտերում», որի հետ պայմանագիրն օրերս երկարաձգեց մինչև 2026 թվականը:
Նա ակումբային կարիերայում 22 տիտղոս է նվաճել և վաղը կարող է 23-րդ տիտղոսը նվաճել, եթե Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» հաղթի «Նապոլիին»:
Մխիթարյանը նաև Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն (32) և ամենաշատ գոլային փոխանցումների (25) հեղինակն է: Նա 11 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: