Արմավիրում հերթական խոշոր չափի զինամթերքն է հայտնաբերվել
Հունվարի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հերթական արդյունքն են գրանցել զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Shamshyan-ը:
Այդ օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել քաղաքացին և հայտնել, որ ինքը արցախյան 44-օրա պատերազմի մասնակից է, իր հետ այնտեղից մեծ քանակի զենք, զինամթերք է բերել ու այն թողնում է «Մատուռ» կոչվող տարածքի ետնամասում գտնվող չգործող ջրամբարի մեջ։
Դեպքի վայր են մեկնում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ովքեր էլ նշված վայրում հայտնաբերում են մեծ քանակի զենք, զինամթերք։
Ահազանգով ժամանում են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։