Քիշնևում կանցկացվի Հոլոքոստի զոհերի հիշատակի շաբաթ
Քիշնևի քաղաքապետարանը կանցկացնի Հոլոքոստի զոհերի հիշատակի շաբաթ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը։
«Հունվարի 22-ից 31-ը Քիշնևում կանցկացվի Հոլոքոստի զոհերի հիշատակի շաբաթ, որը նվիրված է լինելու այդ ողբերգության մասին երիտասարդների իրազեկման բարձրացմանը։ Միջոցառումներ կանցկացվեն՝ ուղղված այնպիսի արժեքների խթանմանը, ինչպիսիք են ազգամիջյան հանդուրժողականությունը, միջմշակութային երկխոսությունը և պայքարը ռասիզմի, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության այլ ձևերի դեմ»,- ասել է Չեբանը։
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին։ 1945 թվականի այդ օրը Կարմիր բանակն ազատագրեց Օսվենցիմի մահվան ճամբարը։ Օսվենցիմ-Բիրկենաուն նացիստական մահվան ամենամեծ ճամբարն էր, և այդ պատճառով դարձավ Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Օսվենցիմում 1941-1945 թվականներին մահացել է մոտ 1,4 միլիոն մարդ, որոնցից մոտ 1,1 միլիոնը հրեաներ էին: Ընդհանուր առմամբ մահացել է վեց միլիոն հրեա: 1947 թվականին նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի տեղում ստեղծվել է թանգարան, որը 1979 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։