Տարածաշրջանում կրքերը թեժանում են, չի բացառվում, որ բախումների մասշտաբը կտրուկ ընդլայնվի․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումները, ընդգծում է՝ եթե բախումների մասշտաբն ընդլայնվի, կարելի է պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կունենա հատկապես Հայաստանի վրա։
«Սիրիայի մայրաքաղաքում իրականացված հարձակման հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ են զոհվել:
Հարվածի հետևանքով կորուստներ ունի նաև սիրիական կողմը:
Այս կորպուսի մարտիկներն ու բարձրաստիճան սպաներն անընդհատ թիրախում են, որովհետև նրա առանձին ստորաբաժանումներ պատասխանատու են տարբեր երկրներում իրականացվող հատուկ օպերացիաների համար, իսկ թիրախում տարբեր երկրների հովանավորչությամբ գործող ահաբեկչական ցանցերն են:
Հիշեցնեմ, որ տարեսկզբին Իրանում ահաբեկչություն էր իրականացվել` հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հերթական տարելիցի հիշատակման օրը, ինչից հետո Իրանի ամենամարտունակ միավորումը` Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, պատժիչ հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում աշխարհի տարբեր կետերում:
Տարածաշրջանում կրքերը բավականին թեժանում են և չի բացառվում, որ միմյանց դեմ օգտագործվող հարվածներն առավել վտանգավոր ծավալների հասնեն, իսկ բախումների մասշտաբը կտրուկ ընդլայնվի:
Միայն կարելի է պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կունենա Հարավային Հովկասի վրա, հատկապես Հայաստանի, որի իշխանությունը փոշիացրել է պետության իմունիտետը և կույր աչքերով սլանում է թշնամիների գիրկը»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: