Ինչ հարցեր են քննարկվելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում. Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են օրակարգը․ «Փաստինֆո»
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին՝ երկկողմ ֆորմատով։ Երրորդ կողմի ներկայություն նախատեսված չէ։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե այս ամիս նախատեսված հանդիպման օրակարգում լինելու է Ղազախ-Թովուզ շրջանների սահմանազատման հարցը։ ՀՀ փոխվարչապետի գրասենյակին հղված հարցմամբ լրատվամիջոցը խնդրել էր հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։ Նաեւ պարզաբանել, որ եթե հաստատված չեն, թե ինչ քարտեզներով և սկզբունքներով են իրականացվելու սահմանազատման աշխատանքները, ապա ինչի հիման վրա է Ադրբեջանի նախագահի հայտարարած հատվածում իրականացվելու սահմանազատումը և հնարավո՞ր է, որ Տավուշում սահանազատումը իրականացվի այնպես, ինչպես Սյունիքում և Գեղարքունիքում՝ GPS-ի հիման վրա։ Նաև հետաքրքրել է, որ եթե Ադրբեջանը դեմ է կոնկրետ քարտեզներով սահմանազատմանը և նախընտրում է դա անել փաստաթղթերով, որքանով է հայկական կողմի համար ընդունելի այս մոտեցումը։
Ի պատասխան բոլոր այս հարցերի՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ընթացքում նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։ «Նախագծում պետք է սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։