Բռնությունը պետք է բացառվի, իսկ կոռուպցիոն ցանկացած դրսևորում պետք է արժանանա իրավական համապատասխան հետևանքների. Վահե Ղազարյան
Հունվարի 19-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմի հետ։
Նախարարը կարևորել է ստորաբաժանման ամենօրյա աշխատանքը, որն ուղղված է նախարարությունում և ենթակա ծառայություններում կարգապահության բարձրացմանը, հակաօրինական դրսևորումների հայտնաբերմանն ու համապատասխան ընթացք տալուն։ Վահե Ղազարյանը նշել է, որ ծառայություններում պետք է բացառվի բռնությունը, իսկ յուրաչքանչյուր կոռուպցիոն դրսևորում պետք է արժանանա համապատասխան իրավական հետևանքների։
Հանդիպման ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացրել է վարչության կողմից կատարված աշխատանքը։
ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար, վերստին շեշտել է, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով և ընդգծել, որ ստորաբաժանման աշխատանքի արդյունքներն այսուհետ ամփոփվելու են ըստ բռնությունների և կոռուպցիոն դեպքերի բացահայտումներով։
Հանդիպման ավարտին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողների ՆԳ նախարարը պարգևատրել է գերատեսչական մեդալներով։