Գրիգորի Խաչատուրովը կմնա ազատության մեջ․ դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը մերժվել է
Տարվա սկզբին Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել՝ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու և նրան կրկին կալանավորելու նպատակով։
Հիշեցնենք, Գրիգորի Խաչատուրովն 9-ամսյա կալանքից հետո վերջապես ազատ արձակվեց 2023 թվականի դեկտեմբերի 2-ին։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը՝ կիրառելով 20 միլիոն դրամ գրավ և վարչական հսկողություն նշանակելով Խաչատուրովի նկատմամբ, ըստ որի՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը պարտադիր պետք է լինի տանը։
Գլխավոր դատախազությունն էլ, չհաշտվելով Վերաքննիչ դատարանի որոշման հետ, հունվարին վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կրկին կալանավորել գեներալ Խաչատուրովին։
Գլխավոր դատախազությունից, սակայն, ի պատասխան Mediahub-ի հարցման, այսօր հայտնեցին, որ դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը մերժվել է, այսինքն՝ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության ներկայացրած բողոքը։
Սա նշանակում է, որ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ, բայց վարչական հսկողության ներքո։