Բոլորս պետք է առարկենք Ալիևի՝ ցմահ իշխանության ձգտման դեմ. Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը պայքարի կոչ է անում
Ադրբեջանի քաղաքացիները պետք է բողոքեն նախագահ Իլհամ Ալիևի՝ ցմահ իշխանության ձգտման դեմ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի նախընտրական ուղերձում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Նա, կեղծելով ընտրությունները, 20 տարի իշխանության ղեկին է»,- ասվում է Քերիմլիի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նրա խոսքով՝ աշխարհում ցմահ իշխանության ղեկին եղածներից ոչ մեկը չի ապահովել ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։ «Նման երկիր չկա։ Ցմահ կառավարություններն ազատության, արդարության, ժողովրդավարության և բարգավաճման թշնամիներն են և, ըստ էության, ապազգային կառավարություններ են, որոնք խոչընդոտում են իրենց ժողովրդի զարգացմանը: Ռեպրեսիվ մեքենան էապես բարդացրել է ելույթներն ու բողոքի ցույցերը մեր երկրում։ Երկրի երիտասարդ տղաներին ու աղջիկներին ձերբակալում են քաղաքական դրդապատճառներով։ Ձերբակալվել և զրպարտվել են հայտնի քաղաքական, ընդդիմադիր և հասարակական գործիչներ, ինչպիսիք են Թոֆիգ Յագուբլուն և Գուբադ Իբադօղլուն»,- նշել է Քերիմլին՝ հավելելով, որ որպես կուսակցություն՝ պայքարելու են մինչև վերջ։
«Պետք է մի կողմ դնել ներքին պառակտումները և կազմակերպել ազգային դիմադրություն ավտորիտարիզմի, միանձնյա և ցմահ կառավարման դեմ։ Այս կռիվը հանուն Ադրբեջանի է, հանուն Ադրբեջանի շահերի։ Մենք, որպես Ժողովրդական ճակատ կուսակցություն, այս պայքարը տանելու ենք մինչև վերջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները։ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Իլհամ Ալիևը 2023-ի դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ադրբեջանում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։ Ալիևից զատ՝ Ադրբեջանի նախագահի աթոռի համար պայքարելու է ևս 6 թեկնածու։