Անվճար դասընթացներ ու հանդիպումներ արվեստագետների հետ․ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն ամփոփում է տարին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի նախաձեռնությամբ խոցելի խմբերի շուրջ 950 երեխա ստանում է անվճար գեղարվեստական կրթություն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը տեղեկացրեց, որ հանրապետության տարածքում գործում է 145 խմբակ, որտեղ խոցելի խմբերի երեխաները հաճախում են արվեստի ու արհեստի դասընթացների՝ կերպարվեստ, պարարվեստ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։
«Լավ հնարավորություն է առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների համար։ Ասեմ, որ լավ մասնագիտական թիմ է աշխատում նրանց։ Փորձում ենք ծրագրերի միջոցով ինտեգրել երեխաներին։ Նրանք, դասընթացներին մասնակցելով, հմտություններ են ձեռք բերում, տեղական ու միջազգային մրցություններին, փառատոններին մասնակցում։ Մենք ցանկանում ենք ցույց տալ հենց իրենց օրինակով, որ մեր երեխաները կարող են ինտեգրվել, հաջողություններ գրանցել, պարզապես պետք է ապահովել համապատասխան պայմաններ»,-ասաց Աննա Կարապետյանը։
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի ուշադրության կենտրոնում է նաև առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների վերապատրաստման հարցը։ Տարվա ընթացքում կենտրոնի ջանքերով 450 մանկավարժ Երևանի ու մարզերի դպրոցներից վերապատրաստվել է։ Վերապատրաստումներն իրականացրել են Հայաստանից ու դրսից հրավիրված մասնագետները։
Տարվա ծրագրերից Աննա Կարապետյանն առանձնացրեց նաև «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում տեղի ունեցան 50 հանդիպումներ սիրված և ճանաչված մշակութային գործիչների հետ:
«Շուրջ 7000 երեխա է մասնակցել ծրագրին, հնարավորություն են ունեցել շփվելու արվեստագետների հետ, բացահայտելու արվեստի ճյուղերը։ Այն միտված էր ապահովելու աշակերտների ու մշակութային օջախների կապը։ Կարելի է ասել հետաքրքրիր արդյունք արձանագրեցինք, բավական մեծ արձագանք եղավ։ Այս տարի ավելի շատ երեխաներ են ցանկություն հայտնել այդ հանդիպումներում ընդգրկվելու»,-ասաց Աննա Կարապետյանը։