Հայաստանում գերմանական մոդելով նոր քրեակատարողական հիմնարկ կկառուցվի. Տեղանքը որոշվել է
2023-ին հաստատվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026թթ. նոր ռազմավարական ուղղությունները: Այս մասին նշվել է հունվարի 18-ին, Արդարադատության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Զեկուցվել է, որ գերմանական մոդելով նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման փաթեթը փոխանցվել է Քաղաքաշինության կոմիտե, առկա է մրցույթում հաղթող կազմակերպություն, որը մինչև 2024թ. նոյեմբեր կներկայացնի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ներկայումս իրականացվում է հողաշերտի փորձաքննություն տեղանքում կառուցապատման նպատակահարմարությունը պարզելու համար:
Շահագործման է հանձնվել «Արմավիր» ՔԿ հիմնարկի օդափոխության, համակցված ջեռուցման և օդորակման համակարգը։ Ընթացիկ վերանորոգումներ են իրականացվել տարբեր ՔԿՀ-ներում: «Արմավիր» ՔԿՀ- ում առաջին անգամ ներդրվել է տեսազանգի միջոցով հանրային պաշտպան-վստահորդ հաղորդակցության պիլոտային ծրագիրը:
Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները պատշաճ իրականացնելու համար ձեռք է բերվել 660 էլեկտրոնային հսկողության սարք:
Ներկայացվել է Իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից իրականացված գործունեությունը, որի արդյունքում փորձագիտական եզրակացություն է տրվել 5002 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ (2022թ. համեմատությամբ գրանցվել է 15% աճ):
Արդարադատության նախարարությունը մեկնարկել է լայնածավալ թվայնացման գործընթաց, որի արդյունքում 2023թ. թվայնացվել են մի շարք համակարգեր՝ սնանկության, հաշտարարության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ինչպես նաև առաջին անգամ գործարկվելու է ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարությունը:
2023-ին «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել 90 մասնագիտական նոր սարքավորում՝ փորձաքննությունները ճշգրիտ և ժամանակին իրականացնելու համար, արդյունքում՝ միայն 2023-ին իրականացվել է 3500 փորձաքննություն:
Անդրադարձ է կատարվել նոտարական ոլորտին՝ նշվել է, որ արմատապես փոխվել է նոտարների քննության և նշանակման կարգը: Նվիրատվության գործարքներն այսուհետ կկնքվեն միայն նոտարական վավերացմամբ՝ հաշվի առնելով նաև այն, որ վերջին տարվա ընթացքում գործարքի իրական նպատակը` առուվաճառքը, նվիրատվությամբ քողարկելու միտում էր նկատվում, ինչի մասին վկայում էր նվիրատվության գործարքների կտրուկ աճը:
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են Պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: 2023թ. ընթացքում ներկայացվել է 51275 հայտարարագիր:
Կառավարություն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծը: Հունվարից կսկսվի Խորհրդի կողմից վերջնական քննարկումների փուլը:
Ոլորտային քաղհասարակության հետ համագործակցությամբ և Freedom House-ի աջակցությամբ մշակվել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրման և օրենսդրական ճանաչման փաթեթ: