Ռուսաստանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը. Կոպիրկին
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, Риа Новости-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ, ինչի մասին են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է արվել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Այս առումով, ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում այս գործընթացին առավելագույն հնարավոր աջակցություն ցուցաբերելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն»,- ասել է Կոպիրկինը։
Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։
«Ռուսաստանը միշտ շատ ակտիվորեն ընդգծել է իր պատրաստակամությունը աշխատելու այդ ուղղությամբ բոլոր առումներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, լինի դա սահմանազատում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծում, թե լինի դա հաղորդակցությունների բացում», - ասել է Կոպիրկինը:
Նա կրկնել է այն միտքը, որ ՌԴ-ի համար կենսական նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը։ «Մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»,- ընդգծել է Կոպիրկինը: