ՊԵԿ նախկին նախագահին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով
Մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։
Գագիկ Խաչատրյանին, ինչպես նախորդ անգամ դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։
Լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել կոռուպցիայի գործով մեղադրյալ նախկին պաշտոնյային։ Նա, սակայն, հրաժարվեց պատասխանել հարցերին։
Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատանում է, իսկ անհրաժեշտ վիրահատությունը հնարավոր է միայն արտերկրում իրականացնել։
«Գագիկ Խաչատրյանն արդեն ունի կյանքի խնդիր, Եվրոպական դատարան բողոք ենք ներկայացրել»,- հավելեց փաստաբանը։
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Խաչատրյանին։ Իսկ փաստաբանը դիմել է դատարան քննարկելու՝ Գագիկ Խաչատրյանին Գերմանիա վիրահատության նպատակով մեկնելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի երկարամյա նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով։