«Հրապարակ». Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորի ԺՊ-ի կնոջը մեղադրում են երեխայի վաճառքի համար
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ֆարխոյան) տեւական ժամանակ է՝ նորածնի վաճառքի վերաբերյալ մի շատ տարօրինակ գործ է քննում։ Ամուսիններ Արմինե Ս․-ն եւ Գեղամ Ղ․-ն, որոնք ապրում են Երեւանում, ըստ մեղադրական եզրակացության, ցանկացել են երեխա գնել։ Վաճառքի գործընթացը կազմակերպել է բուժաշխատող Հայկանուշ Փ․-ն եւ ամուսինների բարեկամը, որը բուժքույր է։ Իսկ կինը, որին առաջարկել են վաճառել իր նորածնին, Արարատի բնակիչ Վարդիկ Ա․-ն է եղել։
Ըստ պաշտոնական վարկածի, 2020 թվականի հուլիսին չկայացած գործարքը բացահայտվել է հենց երեխայի մոր շնորհիվ։ Իբր նա գնացել է Արարատի ոստիկանություն եւ գրել է, որ երեխա է վաճառել։ Վարդիկ Ա․-ն, ըստ գործի նյութերի, ծննդաբերել է Երեւանում, ապա 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառել իր նորածին դստերը երեւանաբնակ ամուսիններ Արմինեին ու Գեղամին:
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2003 թվականին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի 168 հոդվածով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը)։ Զարմանալի է, սակայն Վարդիկ Ա․-ն, ով, իբր, համագործակցել է քննության հետ, երկու հոդվածով է մեղադրվում, նաեւ 169-ով՝ երեխայի առքուվաճառքի եւ որդեգրման գաղտնիքը հրապարակելու կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելու կամ հարկադրելու։
Ըստ պաշտոնական վարկածի, Վարդիկ Ա․-ն բուժհաստատության աշխատակիցների հետ երեխայի վաճառքի մասին պայմանավորվել է նախապես, մինչեւ ծննդաբերությունը՝ ունենալով 8 ամսվա հղիություն։
«Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երեւանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա եւ բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ 2020թ. հուլիսի 13-ին, երեխային հանձնել է գնորդին՝ Երեւանի բնակչուհուն»,- հաղորդում էր ՔԿ-ն 20 թվականի հուլիսին տարածած հաղորդագրության մեջ։
Հետաքրքիր է, որ չնայած գործում կան ինքնախոստովանական ցուցմունքներ, դատաքննությունն արդեն 3 տարի է՝ դոփում է տեղում։ Ամբաստանյալի աթոռին 4 հոգի են՝ ամուսինները, նրանց աջակցող բուժքույր բարեկամը, Հայկանուշ Փ․-ն, ով իբր կազմակերպել է վաճառքը, եւ Արարատի բնակիչ Վարդիկ Ա․-ն։ Նրանք բոլորն ընդամենը ստորագրություն են տվել հանրապետությունից չհեռանալու վերաբերյալ։
Հայկանուշ Փ․-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հայտնեց, որ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի վաճառքի գործարքի հետ, վաճառքի գործարք առհասարակ, ըստ նրա, չի եղել։ «Հայկանուշ Փիլոյանը կապ չունի այդ գործարքի հետ։ Երբ արարատցի կինը մոտեցել է Հայկանուշին, ասելով՝ մի քանի երեխա ունեմ, սրան չեմ կարող պահել, ուզում եմ վաճառել, բուժաշխատողը նրան ասել է, որ երեխա վաճառելու համար մեծ գումար են տալիս, բայց նման բան չի կարելի անել, ավելի լավ է որդեգրման տա, եւ եթե կան լավ մարդիկ, թող որդեգրեն։ Սա է եղել իմ պաշտպանյալի միակ մեղքը»,- ասում է Սիրունյանը։
Ըստ Սիրունյանի, ոչ թե վաճառք է կատարվել, այլ՝ որդեգրում։ Տղամարդը, որը որդեգրել է աղջկան, որպեսզի կարճացնի ճանապարհը, հայտարարել է, որ երեխան իրենն է, որ ծնվել է արտամուսնական կապից, ճանաչել է հայրություն եւ երեխային տարել է տուն։ «Երեխան այժմ ընկել է դրախտը։ Նա ապրում է ապահովված ընտանիքում, ունի ամեն ինչ ու ամենակարեւորը՝ իր ծնողների սերը»։ Ի՞նչ 2 հազար դոլարի մասին է խոսքը։ Պարզվում է՝ գործի նյութերով 2 հազար դոլարով վաճառքը ոչ մի կերպ չի ապացուցվում։ Միակ գումարային արժեքը 50 հազար դրամն է, որը երեխային որդեգրող զույգը, հանկարծ հիշելով արարատցի տիկնոջ ծննդյան օրը, նրան նվեր է տարել։ Այս պատմության ողջ ինտրիգն այն է, որ բժշկուհին, որը վարել է Վարդիկ Ա․-ի հղիությունը՝ Հայկանուշ Փ․-ն, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանի կինն է։
Պատմությունն այս նաեւ բարոյական կողմ ունի։ Ենթադրենք, ամբաստանյալներին նստեցրին, ի՞նչ կլինի երեխայի հետ, որը երջանիկ է ապահովված երեւանյան ընտանիքում։ Նրան կտանեն մանկատո՞ւն, թե՞ կհանձնեն անապահով արարատցի մամայի հարազատներին։ Նաեւ այս մասին պետք է մտածի դատավորը, նախքան դատավճիռ կայացնելը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8d180bcfcaa9664a6d0d8b798421ab56?fbclid=IwAR0-MRdGbeE551aKjF1vUkjkdYA_6EgFUONi16SAeRGXhluNBTtfdkbTp-s
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»