Էկվադորում սպանել են դատախազին, որը հետաքննում էր հանցագործների հարձակումը հեռուստաստուդիայի վրա
Էկվադորի Գուայակիլ քաղաքում սպանվել է դատախազը, որը հետաքննում էր TC Televisión հեռուստաալիքի ստուդիա զինված մարդկանց ներթափանցման դեպքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Universo պարբերականը։
Ըստ հրապարակման՝ դատախազ Սեսար Սուարեսին գնդակահարել են Գուայակիլի հյուսիսում մեքենա վարելիս։ Մեքենայի վրա կրակել են առնվազն 20 անգամ։ Նշվում է, որ նա հետաքննում էր հունվարի 9-ին զինված մարդկանց ներխուժումը TC Televisión հեռուստաալիքի ստուդիա և աշխատակիցներին պատանդ վերցնելը։
Էկվադորի անվտանգության ոլորտում իրադրությունը սրվել է հունվարի 7-ին բանտից «Լոս Չոներոս» հանցախմբի պարագխի փախուստից հետո։ Դրանից հետո խռովություններ են տեղի ունեցել երկրի մի քանի քրեակատարողական հիմնարկներում։ Հունվարի 8-ին երկրում հայտարարվել է արտակարգ դրություն և սահմանվել պարետային ժամ: