Ներքին գործերի նախարարությունը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանուն աղետներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների բարելավման (տեսանյութ)
Հունվարի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության միասնական մոտեցման հանձնառությունը։
Հուշագրով արձանագրված գործընկերությունն ընդգծում է ՆԳՆ և ՀԿԽԸ ընդհանուր տեսլականը՝ ստեղծելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանության, աղետներին պատրաստվածության ու արձագանքման, ռիսկերի նվազեցման և կանխարգելման ոլորտներում:
Գործընկերությունը նպատակ ունի ամրապնդելու սերտ համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման, առկա ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործողություններում և միավորելու կարողությունները՝ աղետներին արձագանքման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Գործընկերությունը ներառում է նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ գործունեություն՝ կամավոր ներուժի մոբիլիզացման և իրազեկման լայնածավալ նախաձեռնությունների իրականացման միջոցով:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել մի շարք ոլորտներում Ներքին գործերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու և ընդլայնելու այն։
Վահե Ղազարյանն առանձնացրել է այդ համագործակցության շրջանակում հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների ապահովման աշխատանքները և շնորհակալություն հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ այդ ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար։
ՆԳ նախարարը, անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումներին, հատուկ շնորհակալություն է հայտնել նաև բոլոր միջազգային գործընկերներին՝ Նախարարությանը և ենթակա ծառայություններին ցուցաբերվող աջակցության համար։
Նա իրականացված աշխատանքներից առանձնացրել է հատկապես 2023 թ. հոկտեմբերի 5-ին Կառավարության կողմից հաստատված՝ Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որոնց կենսագործումը կնպաստի աղետների ռիսկի արդյունավետ կառավարմանը։
ՆԳ նախարարի խոսքով՝ հուշագիրը նոր մակարդակի կբարձրացնի համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման և կանխման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հարցերում մեխանիզմների սահմանման և այլ ուղղություններով։
Աղետների ռիսկի կառավարումը Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարական ուղղություններից է։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում՝ համապատասխան ոլորտային կառույցների և այսօր արդեն Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացվել է աղետների ռիսկի կառավարմանն ուղղված գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ համապատասխան հուշագրերի և համաձայնագրերի շրջանակներում։ Կիսելով Կարմիր խաչի միջազգային շարժման փորձը՝ ՀԿԽԸ-ն իրականացնում է աղետներին պատրաստվածությանը, արձագանքին և վաղ վերականգնմանն ուղղված գործունեություն, նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը՝ զուգահեռաբար արձագանքելով նաև երկրում տեղի ունեցած բոլոր խոշոր աղետներին։ Այս գործընկերությունը, որը հիմնված է Փոխըմբռնման հուշագրում ուրվագծված սկզբունքների վրա, ուղղված է համապարփակ, միասնական արձագանքման համակարգի զարգացմանը և ամրապնդմանը: Երկու կողմերն էլ պարտավորվում են աշխատել միասնական՝ անհրաժեշտ տեղեկատվությունը վերլուծելու, կրթական և կարողությունների զարգացման միջոցառումներ և համատեղ գործունեություն իրականացնելու ուղղությամբ, որոնք կբարձրացնեն աղետներին պատրաստվածությունը և հանրային իրազեկվածության մակարդակը:
«Մեծապես կարևորում ենք այս Հուշագրի ստորագրումը, որը նոր խթան կհաղորդի մեր համագործակցությանը»,-ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 104 տարի գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ-առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: