Բանգկոկի մերձակայքի հրատեխնիկական գործարանները կստուգվեն պայթյունից հետո, որը 23 մարդու կյանք է խլել
Թաիլանդի տարածաշրջանային իշխանություններն ստուգում կանցկացնեն Բանգկոկի մերձակայքում գտնվող հրավառելիքի արտադրության բոլոր գործարաններում և հրատեխնիկական արտադրանքի պահեստներում: Ստուգումների պատճառ է դարձել նման գործարաններից մեկում հունվարի 17-ին տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով 23 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Bangkok Post պարբերականը:
Ըստ տեղի իշխանությունների՝ կստուգվեն հրատեխնիկական ֆաբրիկաների լիցենզիաները, ինչպես նաև դրանց անվտանգության միջոցների պահպանումը:
Հունվարի 17-ին 23 զոհի պատճառ դարձած պաթյունը տեղի էր ունեցել Բանգկոկից դեպի հյուսիս-արևելք գտնվող Սուփանբուրի նահանգի հրատեխնիկա արտադրող գործարանում: Նշվում է, որ գործարանը գործող լիցենզիա ուներ, և դրա արտադրական գործունեության մեջ ներգրավված էր մոտավորապես 30 աշխատող։ Մեծ թվով զոհերից հաջողվել է խուսափել այն պատճառով, որ գործարանը գտնվել է բնակելի գոտիներից հեռու՝ բրնձի դաշտերի մեջ։ Հզոր պայթյունի հետևանքով այն ամբողջությամբ ավերվել է։
Թաիլանդի վարչապետ Սրեթհա Թավիսինը հանձնարարել է միջադեպի մանրազնին հետաքննություն անցկացնել, սակայն դրա պատճառներն առայժմ չի հաջողվել պարզել։ 2022 թ. նոյեմբերին այդ նույն ձեռնարկությունում տեղի էր ունեցել նմանատիպ դեպք։ Այն ժամանակ պայթյունի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս երեքը՝ լուրջ վնասվածքներ ստացել։