Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։
Այս մասին Լավրովը հայտարարել է հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովն այս համատեքստում որպես օրինակ է բերել սահմանազատման խնդիրը։
«Կողմերը համաձայնագիր են կնքել, որ ստեղծելու են սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում։ (Խմբ․՝ Եվրամիության խորհրդի նախագահ) Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ ԵՄ-ն կզբաղվի սահմանազատմամբ, չնայած... ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը երբևէ չեն եղել ԵՄ ներկայիս տարածքում որևէ ասոցիացիայի մաս, և ԵՄ-ի մոտ որևէ քարտեզ լինել չի կարող: Քարտեզներ ունի ՌԴ-ն, և դա ձեռնտու է կողմերին: Բայց դա ձեռնտու չէ ԵՄ-ին, ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որը նույնպես ցանկանում է սահմանազատում կատարել օվկիանոսից այն կողմ... Ցավալի է, որ նման արևմտյան եսասիրական նկրտումները խանգարում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հիմնարար նկրտումների իրականացմանը», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է այդ համաձայնագիրը կնքել Ռուսաստանի տարածքում, սակայն Երևանի դիրքորոշումը պարզ չէ։
«Որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ՝ չնայած համապատասխան ազդանշանները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք», - ասել է Լավրովը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե համաձայնություններ են ձեռք բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, որից հետո «եվրոպացիներն ու ամերիկացիները սկսել են ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում»,- ասել է Լավրովը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթացի բացակայությանը, ապա, ըստ Լավրովի, դա պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ։
«Չգիտեմ՝ Երևանին ով ինչ է խորհուրդ տալիս․․․ Բայց մենք տեսանք, թե ինչպես Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան անմիջապես սկսեցին առանց հրավերի ներգրավվել այդ գործընթացներում, հենց հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս թե՛ երթուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանների սահմանազատման, թե՛ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում», - ասել է դիվանագետը։
Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությանը։ ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ այդ առաքելությունը ցանկանում է պարզել, թե տարածաշրջանում ինչով է զբաղված Ռուսաստանը․ Մոսկվան այս հարցը քննարկել է Երևանի հետ։
«Երբ Հայաստանի հետ համաձայնեցվեց Ադրբեջանի սահման ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու մասին փաստաթուղթը, Երևանն ասաց, որ չի կարող ստորագրել, և գրեթե միաժամանակ այնտեղ մեկնեց ԵՄ առաքելությունը։ Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է։ ԵՄ առաքելությունը սկսեց ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանում տեղակայված մեր սահմանապահների աշխատանքով։ Ըստ էության, նրանք սկսեցին զբաղվել ոչ թե վստահության ամրապնդման միջոցներով, այլ անընդհատ փորձում էին պարզել, թե ինչ, որտեղ, ինչպես է տեղի ունենում, ինչ է անում այնտեղ Ռուսաստանը, ինչ կոնկրետ խնդիրներ են նրա առջև դրված»,- ասել է Լավրովը։