Լավրովը հեռանկարային է համարում տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ 2023 թ․ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձ է կատարել Հայաստանին առնչվող մի շարք հարցերի։
Լավրովը հեռանկարային է անվանել տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը։
«Մենք առաջարկել ենք ավելի ակտիվորեն զարգացնել համագործակցության մեխանիզմը հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ու նրանց երեք ամենամոտ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև․․․Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում հենց այս ձևաչափը խոստումնալից կլինի, քանի որ այն կախված չէ որևէ գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակից և զերծ է հեգեմոնիայի պահպանման այն աշխարհաքաղաքական խաղից, որը Վաշինգտոնն այժմ զարգացնում է Բրյուսելի իր գործընկերների հետ», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը ջերմ վերաբերմունք է պահպանում հայ ժողովրդի նկատմամբ, և վստահություն է հայտնել, որ «պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի»։
«Մենք միայնակ չենք լուծի այս բոլոր խնդիրները։ Ես չեմ ուզում օգտագործել այս ծամծմված արտահայտությունը՝ «տանգոն երկուսով են պարում»։ Գիտեմ, որ Հայաստանն ավելի թեժ պարեր ունի»,- հավելել է Լավրովը։