Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա փետրվարի 2-ին Ալմաթիում
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա փետրվարի 2-ին Ալմաթիում: Այս մասին հայտնել Է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 2-ին Ալմաթի քաղաքում տեղի կունենա ԵՄԽ-ի հերթական նիստը և «Digital Almaty 2024: Индустрия X» թվայնացման միջազգային ֆորումը: Միջոցառմանը կմասնակցեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը», — ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հրավիրված են Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը:
«ԵՄԽ նիստի օրակարգը, որն ավանդույթի համաձայն կանցկացվի նեղ և ընդլայնված կազմերով, ընդգրկում է առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ», — պարզաբանել են գերատեսչությունում:
ԵԱՏՄ երկրների վարչապետները փետրվարի 2-ին կմասնակցեն Digital Almaty ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին:
«Ավանդաբար համաժողովի աշխատանքներին ակնկալվում է ականավոր քաղաքական և հասարակական գործիչների, խոշոր դիջիթալ ընկերությունների ղեկավարների, IT-բիզնեսի առաջնորդների և թվային ոլորտի փորձագետների մասնակցությունը։ Այս տարի այդ միջոցառման շրջանակներում կանցկացվի նաև թեմատիկ նախագծերի միջազգային ցուցահանդես՝ Digital Almaty Awards մրցանակաբաշխությամբ», — նշել են Ղազախստանի ԱԳՆ-ում։