Արցախի հարցով հանձնախումբ է ձևավորվել. աշխատանքները կհամակարգի Վարդան Օսկանյանը
Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախումբն արդեն ձևավորված է, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանը հայտարարել է, որ համաձայնել է Հանձնախմբի անդամների առաջարկությանը՝ համակարգելու դրա աշխատանքները։
«Առաջիկայում, երբ ամբողջանա հանձնախմբի կազմը, կհրապարակվեն մյուս անդամների անունները, ինչպես նաև մանրամասներ անելիքների մասին։
Այս պահին կարող եմ ասել, որ հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը։
Ես համոզված եմ, որ այս հարցի հետապնդումը և իրականացումը կնպաստի իրական խաղաղության հաստատմանը մեր ժողովուրդների միջև։
Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է, երբ հայ ժողովրդի մի հատվածը բռնի տեղահանված է իր բնօրրանից, իսկ Հայաստանին պարտադրվում է ստորադաս «խաղաղություն»՝ նոր կորուստների սպառնալիքով։ Նման «կայունությունը» չի կարող մշտական լինել։ Խնդրի միայն հավասարակշռված լուծումը, որը ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը, կարող է բերել տևական ու կայուն խաղաղություն»,- Facebook-ում գրել է Օսկանյանը։