Հենց Հայաստանը դժվարություններ ունի Սյունիքի մարզով ճանապարհը բացելու հարցում, ինչպես արձանագրված է եռակողմ հայտարարության մեջ. Լավրով
Հենց ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս և՛ երթուղիների ապաշրջափակման, և՛ սահմանազատման, և՛ խաղաղ բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ, անմիջապես սկսեցին առանց հրավերի ընդգրկվել այդ գործընթացներում։
Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին, թե ինչպես է այժմ գնահատում իրավիճակը Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում, և ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը։
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցին, կարծում եմ, որ մենք չպետք է ամաչենք գնահատել այն եռակողմ հայտարարությունների կարևորությունը, որոնք ստորագրվել են 2020-22 թվականներին երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Շատ ցավալի է, որ Հայաստանի համար այնպիսի շահավետ բան, ինչպիսին Սյունիքի մարզով երթուղու բացումն է, մինչ օրս մնում է թղթի վրա։ Ամենայն հարգանքով հանդերձ, պատճառը տեսնում եմ Երևանի դիրքորոշման մեջ։ Չգիտեմ, թե ով է այնտեղ Երևանին խորհուրդ տալիս, հաստատ խորհուրդ են տալիս։ Մենք տեսանք, երբ ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս և՛ երթուղիների ապաշրջափակման, և՛ սահմանազատման, և՛ խաղաղ բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ, անմիջապես սկսեցին առանց հրավերի ընդգրկվել այդ գործընթացներում», — նշել է նա։
Արևմուտքը, Լավրովի խոսքով, չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցանկանում են յուրովի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիան՝ շրջանցելով Մոսկվան։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Լավրովն ասել է. «Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք հայ ժողովրդի հետ։ Վստահ ենք, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, բայց միայնակ չենք լուծի բոլոր խնդիրները»։