Հայաստանի հետագա զարգացման համար բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջնային ուղղություններից է․ Խաչատուրյան
Դավոսի տնտեսական ֆորում շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Դորին Բոգդան-Մարտինի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՄՄ շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Զրուցակիցները քննարկել են հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտներում Կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրվող համապատասխան տեխնիկական աջակցության ընդլայնման հնարավորությունները:
Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի հետագա զարգացման համար բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջնային ուղղություններից է և առանձնահատուկ ուշադրության է արժանանում երկրի ղեկավարության կողմից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տնտեսության և ընդհանրապես հանրային կյանքի ու գլոբալ իրողությունների վրա արհեստական բանականության հնարավոր ազդեցությունների ու հետևանքների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել համագործակցության սերտացմանն ուղղված քայլերը: