«Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է. Վահե Հովհաննիսյան
«Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։
Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Խաղաղության պայմանագրի այլընտրանքը.
«Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։ Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։ Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։
«Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի» գաղափարը զգալի ռեսուրս ունի՝ սեփական հասարակության մեջ և դրսում հասկացված լինելու, մանևրելու, բնական դաշնակիցներ ձեռք բերելու, պատերազմի ռիսկը նվազեցնելու համար։ Գաղափար, որն էապես տարբերվում է Նիկոլի բազային սցենարից, բայց ինստիտուցիոնալ հնչեցնողը չկա։ Ու սա է մեր լրջագույն պրոբլեմը, որի լուծմանը համառորեն չենք գնում։
Ուղիղ մեկ տարի առաջ մենք ունեինք պայքարի, դիմադրության նույն ձևաչափերը և կառույցները, պայքարի ու դիմադրության նույն պատկերացումները, և մենք չկարողացանք կասեցնել Արցախի հայաթափման սցենարը։
Այդ դեպքում ինչո՞ւ մենք պետք է ի վիճակի լինենք առանց փոփոխությունների, գրագետ վերափոխումների կասեցնել հաջորդ ողբերգությունը։
Միայն գիտակցված փոփոխությունների գնալու դեպքում է հնարավոր աղետի վիճակագրից վերափոխվել աղետ կասեցնողի, իսկ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը դնում է փոփոխությունների պահանջ։
Բովանդակության և մենեջմենթի փոփոխությունը
Կասեցնելու համար «ճակատագրով», իսկ իրականում մեր սխալների պատճառով հերթական աղետը, պետք է գնալ բովանդակության և մենեջմենթի արագ ու գրագետ փոփոխության։
Այսօր կա առողջ ազգային առաջադիմական նոր համակարգերի ձևավորման, պայքարի ու պատասխանատվության նոր ձևաչափերի երեք ռեսուրս.
1. Անհատներ (ունենք լուրջ ցանկ՝ տարբեր կառույցներում գտնվող-չգտնվող անհատների)
2. Եկեղեցի
3. Բանտեր (Երևանի և Բաքվի)
Պետք է փոխվի «ընդդիմության» ընկալումը։ Ընդդիմություն են բոլոր այն շերտերը և անհատները, որոնց համար այսօրվա իրականությունն անընդունելի է, կենսական անհամատեղելիություն է։
Հաջորդ քայլով պետք է գտնել ընդդիմության դռների բացման մեխանիզմը։ Պետք է բացվել հասարակության համար։
Պետք է գտնել անհատների, եկեղեցու և բանտերի համագործակցության ձևաչափը։ Հենց այստեղ է մոդերատորի պատմական սուր անհրաժեշտությունը։ Մեզ այսօր պետք չէ լիդեր, դադարեցնենք դրա փնտրտուքը կամ հորինումը։ Մեզ այսօր պետք է մոդերատոր է, ով հանրության մտածող, մտահոգ, գրագետ, պասիվ, մոլորված և մյուս շերտերին կդնի երկխոսության մեջ և կմիավորի։
Պետք է ունենալ գրագիտություն և խիզախություն՝ հարցերին նայելու այլ տեսանկյունից, գնալու էական փոփոխությունների և կազմակերպելու պայքարի ճիշտ մենեջմենթ։ Այսօր մեր պայքարը չունի մենեջմենթ, իսկ առանց դրա՝ հաջողությունը բացառված է։ Ունե՞նք սա ընդունելու խիզախությունը։ «Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքների մասին ավելի մանրամասն կխոսեմ վաղը»,- գրել է Հովհաննիսյանը։