Տավուշի սահմանամերձ գյուղերում 140 տուն է կառուցվում. Փաշինյան
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օրինակ, Չինարի գյուղում 1990 թվականից մինչեւ 2020 թվականը ոչ մի տուն չի կառուցվել: Իսկ այսօր սահմանամերձ գյուղերում մեր ծրագրով 16 մլն-ի 140 տուն է կառուցվում: Թող կառուցվի, այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար: Երեք օր առաջ փոխվարչապետը ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրն է ուղարկել ինձ, և քանի որ թեման շատ լուրջ է, պայմանավորվել ենք մեկ շաբաթում մեծ խորհրդակցություն հրավիրել, կկայացնենք վերջնական որոշումներ և ծրագրին ընթացք կտանք»,- ասել է վարչապետը:
Կա պայմանավորվածություն, որ այդ ծրագիրը կվերաբերվի ոչ միայն սեպտեմբերյան իրադարձություններից հետո բռնի տեղահանվածներին, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանվածներին: