Սյունիքից Կառավարություն. Ռոբերտ Ղուկասյանը նոր պաշտոն կստանա՞
MediaHub-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հաջորդ շաբաթ կնշանակվի ՏԿԵ նախարար:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է գործող նախարար Գնել Սանոսյանից, սակայն վերջինիս “գծերից չի գցելու”, նա այլ պաշտոն կստանա:
Ուշագրավ է, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհակալություն հայտնեց «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանին վերջինիս կողմից Գնել Սանոսյանի ոլորտին վերաբերող քննադատությունը հնչեցնելու համար: Փաշինյանի պատասխանի տողատակում Գնել Սանոսյանից դժգոհությունը նկատելի էր:
Ի դեպ, Գնել Սանոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ներկա չէր:
Նշենք, որ քիչ առաջ նաև տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին վեցօրյա արձակուրդ է տրամադրել՝ 2024 թվականի հունվարի 18-25-ը ներառյալ: Այսինքն, եթե մեր աղբյուրը իրավացի է, Ռոբերտ Ղուկասյանը Կառավարության հաջորդ նիստին կներկայացվի որպես ՏԿԵ նախարար: