Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը խաղաղության օրակարգը հռչակել է ոչ թե Ադրբեջանի, այլ իր տրամաբանությամբ
Հայաստանը խաղաղության օրակարգը հռչակել է ոչ թե Ադրբեջանի, այլ իր տրամաբանությամբ՝ այն ըմբռնմամբ, որ խաղաղությունը միակողմանի գործընթաց չէ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:
«Մենք խաղաղության օրակարգից չենք հրաժարվել, չենք հրաժարվում և չենք հրաժարվելու: Դա շատ կարևոր արձանագրում է, որովհետև մեր քաղաքական տեսլականը դա է, և մենք շարունակելու ենք, որովհետև մենք Ադրբեջանի տրամաբանությամբ չենք հռչակել խաղաղության օրակարգը, մենք մեր տրամաբանությամբ ենք հռչակել խաղաղության օրակարգը՝ իհարկե այն ըմբռնմամբ, որ խաղաղությունը միակողմանի գործողություն չէ»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ եթե, օրինակ, Ադրբեջանը նահանջում է խաղաղության օրակարգից, դա չի նշանակում, որ հայկական կողմն էլ պետք է հրաժարվի դրանից: «Ընդհակառակը՝ գուցե մենք ավելի շատ շեշտադրումներ պետք է անենք, ավելի խորը հիմնավորենք, ավելի շատ փաստարկենք»,-ասաց վարչապետը: