Ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենաբարձր գագաթը Արագածն է, ոչ ոք չի կարող դա հերքել. Փաշինյան (տեսանյութ)
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց հայրենիքի մասին իր իսկ գրած մի շարք քառատողեր։
«Ուզում եմ հիշեցնել 2020 թվականին ձեր կողմից գրված «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը` ընտանիքը» մտքի մասին, ինչպես նաև հետևյալ քառատողը`
Տիգրանի քաղաքի լանջերին հորիզոն է ծփում անսահման
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։
Ստեփանակերտում, երբ այս բանաստեղծությունը կարդում էիք, սեպտեմբերի 27–ին, որ հրապարակում էիք, Տիգրանի քաղաքի լանջերից պատկերացնո՞ւմ էիք, որ դա ձեր հայրենիքն է, թե՞ մտածում էիք, որ գալու է մի ժամանակ, որ հայրենիք ու պետություն հակադրելու եք իրար», հարցրեց պատգամավորը։
Հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ նշված բոլոր տողերն իրենց արդիականությունը չեն կորցրել։
«Ամենևին էլ հայրենիքը պետությանը չի հակադրվում. երբ հայրենիքը փորձում ենք հակադրել պետությանը, ոչ հայրենիք ենք ունենում, ոչ էլ պետություն։ Հայրենիք ունենում ենք այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ հայրենիքը պետությունն է։ Այնպես որ` Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը` ընտանիքը», հայտարարեց Փաշինյանը։
Մանուկյանն արձագանքեց, որ օջախը ատամներով են պահում, որ անգամ 1 սմ չկորչի, իսկ ընտանիքի անդամների վրա ոստիկանական մահակներ չեն բարձրացնում։
«Ես չեմ ուզում վիրավորել ձեր դասղեկին կամ հայոց լեզվի ուսուցչին, սակայն եթե դպրոցում Շիրազի` «Ո՞րն է բաբո, մեր հայրենիքը» բանաստեղծությունը լավ սովորացրած լինեիք, հայրենիքն ու պետությունը չէիք հակադրի, Արարատն էլ Արագածի հետ չէիք հակադրի»,– նկատեց Մանուկյանը։
Փաշինյանն հակադարձեց, որ ինքը մի երկրի վարչապետն է, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է։