Ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տանք. Փաշինյանը՝ բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի մասին
Մինչև 2018 թվականը ոչ մարտական պայմաններում բանակում 1000-ի կարգի դեպքեր են տեղի ունեցել, և պատճառները շատ խորքային էին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերին:
«Նախարարի հետ մեր վերջին խորհրդակցության ժամանակ խոսել ենք, և ասել եմ, որ, այո՛, գնացե՛ք, օրենսդրական կարգավորումնե՛ր արեք, և զինծառայողներին արգելե՛ք խաղադրույքներ կատարել, որովհետև երբ մարդն ընկնում է թակարդը, տասնյակ միլիոնների պարտք է կուտակում, հետո այդ պարտատերերի ճնշումներից թողնում, գնում է դիրք և որոշում է ինչ-որ գործողություն անել:
Այո՛, իհարկե, մեր պատասխանատվությունն է, բայց մենք ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տանք:
Կամ երբ զանգում են, ասում են՝ սեղանը գցած է, մեր էրեխուն ոնց ուզում եք, բերեք, տեղ հասցրեք, և ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո՛, մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվենք այս բաների հետ, պիտի խոսենք սրանց մասին, և հարցին պետք է խորքային տիրապետել»,- ասաց վարչապետը: