Խոշոր հրդեհ Ռոստովի մարզի գործարանում․ կան տուժածներ
ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում պայթյուն է եղել, ապա խոշոր հրդեհ է բռնկվել պոլիեսթեր մանրաթելերի արտադրության գործարանում։
Այս մասին հայտնում է տարածաշրջանային ԱԻՆ-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ռոստովի մարզում ՌԴ ԱԻՆ հրշեջները մարում են խոշոր հրդեհը: Շախտի քաղաքի Գիդրոպրիվոդ գյուղում այրվում է ներքնակների և բարձերի լցոնումների արտադրման գործարանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի, հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը տելեգրամյան ալիքում։
«Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, տուժածների թիվը հասել է 9-ի, մեկին տեղում է բուժօգնություն ցուցաբերվել, երեք մարդ այրվածքներ ունի, հինգը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ»,- գրել է նա։
Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին հաջողվել է հրդեհն ամբողջությամբ մարել։