Երևանում նախատեսվում է կառուցել նոր կամուրջ, որը Թբիլիսյան խճուղին միացնելու է Եղվարդի խճուղուն
Երևանում նախատեսվում է կառուցել նոր կամուրջ, որը Թբիլիսյան խճուղին միացնելու է Եղվարդի խճուղուն։ Քննարկվում է նաև Ռուբինյանց փողոցը Աճառյան փողոցին կապող նոր ճանապարհի կառուցման հարցը։ Նախագծերի գաղափարները ներկայացվել են Կառավարությունում տեղի ունեցած Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի ընթացքում, որը ղեկավարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կամրջի կառուցումը չափազանց կարևոր նախագիծ է, որը M4 մայրուղին միացնում է հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին և հավելել, որ ևս մի կամուրջ է կառուցվում Հրազդան գետի վրայով, որը Արաբկիր վարչական շրջանից ավտոտրանսպորտի բեռնաթափման տեսանկյունից էական ազդեցություն է ունենալու:
Քաղաքապետը, ներկայացնելով երկրորդ նախագիծը, ընդգծել է, որ արդյունքում էականորեն կնվազի Աճառյան-Մյասնիկյան փողոցներով բեռնափոխադրումը և հավելել, որ այս ծրագիրը նույնպես դրական ազդեցություն է ունենալու Երևանում ավտոմեքենաների խցանումների տեսանկյունից․ «Վստահաբար այս երկու ծրագրերը պետք է իրականացվեն նաև Կառավարության աջակցությամբ: Խոշոր ծրագրեր են, և այս ծրագրերն էական ազդեցություն են ունենալու ոչ միայն բուն Երևան քաղաքում, երևանցիների համար, այլ նաև բեռնափոխադրողների համար, որոնք ունենալու են հնարավորություն՝ շրջանցել Երևան քաղաքը»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Նախագծերի քննարկման արդյունքում որոշում է կայացվել առաջին փուլով իրականացնել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որի արդյունքներով հնարավոր կլինի նախագծերն իրականացնել:
Տիգրան Ավինյանը նշել է, որ կամրջի կառուցումը կտևի մոտավորապես 4-5 տարի, իսկ Ռուբինյանց և Աճառյան միացնող ճանապարհը մի փոքր ավելի քիչ ժամկետներում հնարավոր կլինի իրականացնել: