Լավրովը մեկնելու է Նյու Յորք
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 22-24-ը կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ նրա, խոսքը Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի եռամսյակային բաց քննարկումների մասին է, ուր Ռուսաստանի նախաձեռնությամբ քննարկվելու է նաև Ուկրաինայի հարցը։
«Ինչ վերաբերում է ուկրաինական հարցի քննարկմանը, ապա մենք գտնում ենք, որ սա լավ հնարավորություն է Ռուսաստանի համար՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից համաշխարհային հանրությանը ևս մեկ անգամ փոխանցելու Ռուսաստանի դիրքորոշումը՝ ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու վերաբերյալ»,-ասել է Զախարովան։