Պաշտոնապես արձակուրդի մեջ եմ, երբ ազատման դիմումը գրեմ, Ձեզ անձամբ կզանգեմ-կասեմ․ փոխնախարար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պաշտոնից ազատել է իր տեղակալ Արմեն Նազարյանին, որը, ասում են, նախարարության ամենակոմպետենտ և պրոֆեսիոնալ կադրերից էր։
Թեպետ՝ դեռ ազատման հրաման չկա, հրաման տվողն էլ Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե նախարարը, բայց արդեն տեղեկություններ կան, որ Ավանեսյանը ամիսներ առաջ «Մարտունի» ԲԿ-ի բացման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտնաբերած թերացումների մեղքը բարդել է իր տեղակալ Արմեն Նազարյանի և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Երվանդ Էլիբեկյանի վրա և պահանջել, որ դիմում գրեն-հեռանան։
Նազարյանն այս պահին գտնվում է արձակուրդում, և դեռ պաշտոնապես ազատված չէ աշխատանքից։ Mediahub-ը կապ հաստատեց նրա հետ՝ հասկանալու, թե ճի՞շտ են, արդյոք, իր ազատման մասին տարածվող ու նախարարի հետ ունեցած վիճաբանության մասին տեղեկությունները։ Նազարյանը, սակայն, խուսափեց ուղիղ պատասխան տալ մեր հարցերին՝ նախ նշելով, թե զբաղված է, հետո կխոսի, այնուհետև ասաց՝ արձակուրդում է, հենց ազատվի, մեզ անձամբ տեղյակ կպահի։
Երբ ուղիղ հարցրինք՝ իրեն հեռացրե՞լ է նախարարը աշխատանքից, Նազարյանը հիշեցրեց․ «Փոխնախարարներին նախարարը չի հեռացնում։ Ամեն դեպքում ես հիմա արձակուրդի մեջ եմ»։
-Իսկ հեռանալո՞ւ եք, ազատման դիմում գրե՞լ եք կամ գրելո՞ւ եք։
-Որ գրեմ՝ Ձեզ անձամբ կզանգեմ կասեմ։ Հիմա պաշտոնապես արձակուրդի մեջ եմ, երբ ազատման դիմումը գրեմ, ես Ձեզ անձամբ կզանգեմ կասեմ։
-Շատ մեծ պատիվ կլինի ինձ համար այդ տեղեկությունն առաջինը Ձեզնից իմանալ, բայց հետաքրքիր է՝ Դուք այսուհետ առողջապահության փոխնախարար լինելո՞ւ եք, թե՞ ոչ։
-Վայ, ցավդ տանեմ, ամեն ինչ էլ կլինի։
-Իսկ այն, որ ասում են՝ Մարտունու հիվանդանոցի հետ կապված խնդիր է եղել, նախարարի հետ թեժ խոսակցություն եք ունեցել և այլն, դա ճի՞շտ է։
-Բեր, բան չանեմ, էլի, խնդրում եմ, տեղս անհարմար է, հետո մի քիչ ուշ զանգեմ, խոսենք, կլինի՞։
Ավելի ուշ, թեպետ խոստացել էր, բայց այդպես էլ չզանգեց պարոն Նազարյանը, մեր զանգերին էլ չպատասխանեց։ Նրա խոսքից, սակայն, հասկացվում էր, որ իսկապես հեռանալու է պաշտոնից, դրա համար էլ, թերևս, չհերքեց, որ չի գրելու դիմում, այլ մի բան էլ ասաց՝ այս պահին դեռ արձակուրդի մեջ է, հենց ազատման դիմում գրի, մեզ կասի։ Այսինքն՝ արձակուրդից վերադառնալուց հետո, ինչպես հասկանում ենք, փոխնախարարի իր գործառույթներին այլևս չի վերադառնա: