Սոլոմոն Իմե Ուդոն միացել է Երևանի «Փյունիկ»-ին
Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:
Այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:
Սոլոմոն Ուդոն «Փյունիկ» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով: Նրա վերջին ակումբը եղել է ղազախական «Կասպիյը»:
Կիսապաշտպանը պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է բելգիական «Էյպեն» ակումբում: Թիմի նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանում՝ պաշտպանելով «Արարատի», «Ուլիսի», «Շիրակի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» գույները համապատասխանաբար:
Ուդոն ելույթներ է ունեցել նաև Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Ատիրաուում» և «Շախտյորում»:
Ուդոն իր կարիերայի բոլոր տիտղոսները նվաճել է Հայաստանում: Նա երկու անգամ դարձել է երկրի գավաթակիր, նախ «Շիրակի», հետո արդեն՝ «Արարատի»: Մեկ անգամ էլ Սոլոմոնը գյումրեցիների կազմում բարձրացրել է Հայաստանի Սուպերգավաթը:
Սոլոմոն Ուդոն 2020-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն ու հրավեր ստացել ազգային թիմից, որտեղ մասնակցել է 18 հանդիպման: Հայ երկրպագուները հատկապես լավ կհիշեն 28-ամյա ֆուտբոլիստի շքեղ գոլը Խորվաթիայի հետ ընկերական խաղում (1:1):