Չինաստանը Ֆիլիպիններին զգուշացրել է «կրակի հետ չխաղալ»
Չինաստանը կանչել է Ֆիլիպինների դեսպանին և այդ երկրին զգուշացրել է «կրակի հետ չխաղալ»։ Նման քայլի առիթ է դարձել այն, որ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը շնորհավորել է Լայ Ցինդեին Թայվանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Reuters-ը։
Ըստ Չինաստանի արտգործնախարարության խոսնակի՝ Պեկինը դժգոհություն է հայտնել, որ Մարկոսը շնորհավորել է Լային և նրան անվանել Թայվանի հաջորդ նախագահ։
«Նախագահ Մարկոսի համապատասխան արտահայտությունները լրջորեն խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը և... լրջորեն խախտում Ֆիլիպինների կողմից չինական կողմին տրված քաղաքական հանձնառությունները», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը՝ խորհուրդ տալով նախագահ Մարկոսին «ավելի շատ գրքեր կարդալ»՝ Թայվանի հարցը հանգամանորեն հասկանալու և ճիշտ եզրահանգումներ կատարելու համար։
Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունը հունվարի 16-ին ավելի վաղ վերահաստատել է երկրի աջակցությունը «մեկ Չինաստան» սկզբունքին՝ նշելով, որ Մարկոսի ուղերձը նպատակ է ունեցել ճանաչելու Ֆիլիպինների և Թայվանի փոխադարձ շահերը։
Լայ Ցինդեին Թայվանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։