Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է Բաքվի արտադրամասում պայթյունի հետևանքով իր քաղաքացու զոհվելու փաստը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հունվարի 15-ին Բաքվի Բինագադի շրջանի կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով իր երկրի 35-ամյա քաղաքացի Սերաջ Յուսիբովի մահվան փաստը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։
Պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 7 մարդ։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև հաղորդում է 24 տուժածների մասին։
«Վրաստանի քաղաքացու մահվան փաստը հաստատվել է: Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է զոհվածի ընտանիքի անդամների հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Զոհվածը, ըստ ԶԼՄ-ների տվյալների, Բոլնիսի շրջանի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) Նախիդուրի գյուղի բնակիչ էր։ Տղամարդը Բաքու էր մեկնել գումար վաստակելու նպատակով։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան» և «Անփութություն, որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան» հոդվածներով։