Թբիլիսյան խճուղին Միկոյան փողոցին միացնող կամրջի կառուցումը չափազանց կարևոր նախագիծ է. Ավինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումները:
Օրակարգի շրջանակում կոմիտեի անդամներին ներկայացվել են նոր նախագծեր: Երևան քաղաքի ճանապարհաշինական ծրագրի շրջանակում ներկայացվել են «Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի ճանապարհահատվածի կառուցում» և «Ռուբինյանց-Աճառյան նոր ճանապարհի կառուցում» նախագծերը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Թբիլիսյան խճուղին Միկոյան փողոցին միացնող կամուրջի կառուցումը չափազանց կարևոր նախագիծ է, որը M4 մայրուղին միացնում է հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին և հավելել, որ ևս մի կամուրջ է կառուցվում Հրազդան գետի վրայով, որը Արաբկիր վարչական շրջանից ավտոտրանսպորտի բեռնաթափման տեսանկյունից էական ազդեցություն է ունենալու:
Քաղաքապետը, ներկայացնելով երկրորդ նախագիծը, ընդգծել է, որ արդյունքում էականորեն կնվազի Աճառյան-Մյասնիկյան փողոցներով բեռնափոխադրումը և հավելել, որ այս ծրագիրը նույնպես դրական ազդեցություն է ունենալու Երևանում ավտոմեքենաների խցանումների տեսանկյունից: «Վստահաբար, այս երկու ծրագրերը պետք է իրականացվեն նաև Կառավարության աջակցությամբ: Խոշոր ծրագրեր են, և այս ծրագրերն էական ազդեցություն են ունենալու ոչ միայն բուն Երևան քաղաքում, երևանցիների համար, այլ նաև բեռնափոխադրողների համար, որոնք ունենալու են հնարավորություն՝ շրջանցել Երևան քաղաքը»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Նախագծերի քննարկման արդյունքում որոշում է կայացվել առաջին փուլով իրականացնել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որի արդյունքներով հնարավոր կլինի նախագծերն իրականացնել:
Տիգրան Ավինյանը նշել է, որ Թբիլիսյան-Միկոյան ճանապարհահատվածի և կամրջի կառուցումը կտևի մոտավորապես 4-5 տարի, իսկ Ռուբինյանց և Աճառյան փողոցները միացնող ճանապարհը մի փոքր ավելի քիչ ժամկետներում հնարավոր կլինի իրականացնել: