Քննարկվել է Երևանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի չեմպիոնների լիգայի 2024 թ. եզրափակչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Հայաստանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչն անցկացնելու նախապատրաստական աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը և այլք:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզրափակիչը հեռարձակվելու է ավելի քան 70 երկրում:
Ֆուտզալի չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Նշվել է, որ մեծ թվով երկրպագուներ կայցելեն Հայաստան: Առաջիկայում սպասվում է նաև ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների այցը՝ նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով:
Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է եզրափակիչը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու կարևորությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունն՝ օժանդակելու այդ աշխատանքներում: