Իրաքը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ երկրում մի քանի օբյեկտների վրա Իրանի հրթիռային հարձակումներից հետո։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը։
«Այսօր՝ երեքշաբթի, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թեհրանում Իրաքի Հանրապետության դեսպան Նասիր Աբդուլ Մոհսենին՝ Էրբիլի վրա իրանական վերջին հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի և վիրավորների», - ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբու ալ Ֆադլ Ազիզիին և նրան բողոքի նոտա է հանձնել քրդական ինքնավար տարածաշրջանի տարածքի վրա իրականացված հարձակման առնչությամբ։
Նշվում է, որ փաստաթուղթը դատապարտում է «Էրբիլի մի քանի շրջանների վրա հարձակումը, որը հանգեցրել է զոհերի խաղաղ բնակչության շրջանում և վնաս հասցրել պետական և մասնավոր սեփականությանը»: Իրաքի ԱԳՆ-ում ընդգծել են, որ «այդ հարձակումը Իրաքի Հանրապետության ինքնիշխանության աղաղակող խախտում է և կտրականապես հակասում է բարիդրացիության սկզբունքներին»:
Էրբիլի իշխանությունները հաղորդել են, որ ԻՀՊԿ-ի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։
Հիշեցնենք՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդել է, որ բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին՝ դա բացատրելով տարածաշրջանում հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Մինչ այդ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։